Սինթետիկ խեժեր Սինթետիկ խեժերը համեմատաբար ոչ մեծ մոլեկուլային կշռով սինթետիկ պոլիմերներ են /այսպես կոչված օլիգոմերներ/, որոնք քիմիական փոխազդեցության մեջ մտնելիս ընդունակ են առաջացնելու չլուծվող և չհալվող նյութեր /նախկինում <<սինթետիկ խեժեր>> և <<սինթետիկ պոլիմերներ>> տերմինները համարվում էին հոմանիշներ/: Սինթետիկ խեժերից են ալկիդային խեժերը, կարբամիդային խեժերը, Էպոքսիդային խեժերը, պոլիէսթերային խեժերը, ֆենոլֆորմալդեհիդային խեժերը, պալիէթիլային խեժերը, վանիլային խեժերը: Սինթետիկ խեժերը լայնորեն կիրառվում են պլաստմասաների, լաքերի ու ներկերի, սոսինձների և այլ նյութերի արտադրության մեջ, ինչպես նաև գործվածքները, թուղթը և այլ նյութեր մշակելու համար: Հայաստանում աճում են խեժատու ծառեր /սոճի, նոճի, եղևնի, խեժափիճի, գիհի, ակացիա և այլն/ և բույսեր /չարհոտ, կանգար, գազ, աղբրաց արյուն, լոշտակ և այլն/, որոնցից ստացվել կամ արտաթորվել են տարբեր տեսակի խեժեր: Խեժափիճու խեժն անվանել են անզրութ կամ անծրութ, փշատերև ծառերինը՝ մարխի խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, գիհի ծառինը՝ սանդալուզ կամ սանդալոզ, ակացիայինը՝ ախախիա կամ աղաղիա, չար հոտինը՝ անկիտան կամ անճիտան: Ստացել են նաև քարախունկ, որն անուշահոտ խեժ է և ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ: Վերոհիշյալ խեժերը օգտագործվել են բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս կամ մաքուր վիճակում: Դրանցից պատրաստել են սոսնձանյութ, ներկեր և թանաքներ: Ջրդեղերին խառնած՝ քսել են ձեռագրերի և մանրանկարների մակերևույթին՝ ջրի նկատմամբ անթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու համար: Որոշ խեժեր այնքան շատ են արտադրվել, որ ներքին պահանջը բարելավելուց բացի համարվել են Հայաստանից արտահանվող գլխավոր նյութեր /օրինակ՝ բևեկնախեժ/:
|