ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 08:57
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2011 » ՄԱՐՏ » 4 » ԱՄՆ դեսպանի ելույթը Երևանի պետական համալսարանում 28 փետրվարի, 2011թ-ին
13:21
ԱՄՆ դեսպանի ելույթը Երևանի պետական համալսարանում 28 փետրվարի, 2011թ-ին
  Հարգելի ընթերցողներ, Ձեզ ենք ներկայացնում Երևանի պետական համալսարանում սույն թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ դեսպանի Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում խորագրով ելույթն ամբողջությամբ (վերցված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքից)

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երևանի պետական համալսարան

28 փետրվարի, 2011թ.

Տիկնայք և պարոնայք, ընկերներ, բարև ձեզ և շնորհակալություն մեզ հետ հանդիպման գալու և քաղաքացիական հասարակության մասին քննարկմանը մասնակցելու համար:

Ձեզ մոտ կարող է հարց ծագել, թե ինչու ես, լինելով կառավարության ներկայացուցիչ, եկել եմ այստեղ խոսելու քաղաքացիական հասարակության կարևորության մասին, այլ կերպ ասած խոսելու այն մարդկանց կարևորության մասին, ովքեր կառավարությունից դուրս ցանկանում են ազդեցություն ունենալ իրենց աշխարհի վրա և այն մարդկանց կարևորության մասին, ովքեր ծառայում են կառավարությանը սահմանափակելու կամ հակակշռելու գործին:

Ես չեմ փորձում դուրս մղել ինձ աշխատանքից:

Ավելին, կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը խիստ էական են մեկը մյուսի և ժողովրդավարության հաջողության համար, և դա փաստում են բազմաթիվ օրինակներ` հեռու անցյալից, հեռավոր վայրերից, իսկ որոշ օրինակներ եղել են հենց իմ աչքերի առաջ:

Կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք, որ ցանկացած պետության թիվ մեկ գերակայությունն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Ժողովրդավարական պետությունը պետք է ունենա արդյունավետ կառավարություն, որը կստեղծի ու կյանքի կկոչի օրենքները, կլուծի վեճերը և կապահովի խաղաղությունը:

Սակայն մենք տեսել ենք տարբեր ժամանակներում և տարբեր մայրցամաքներում, որ երբ քաղաքացիները չեն հավատում, որ իրենց կառավարությունը ներկայացնում է իրենց շահերը, ապա չի կարող ապահովվել իրական անվտանգություն:

Իրական անվտանգությունը սոսկ բռնության բացակայությունը չէ, այլ հնարավորությունների առկայությունը: Հնարավորություն ունենալ լավ գործ ունենալ, ինչպես նաև հնարավորություն մասնակցել քաղաքական գործընթացին:

Ճիշտ այնպես, ինչպես տնտեսությունը չի կարող ծաղկում ապրել, երբ նոր գաղափարների մենաշնորհը կառավարության պաշտոնյաների ձեռքին է, այնպես էլ երկիրը կհայտնվի լճացման մեջ, եթե ողջ իշխանությունը կառավարության ձեռքին է:

Քաղաքացիական հասարակությունն անհրաժեշտ է կառավարությանը ` որպես քննադատ, որպես գործընկեր, որպես պահանջներ ներկայացնող, որպես ուսումնական հիմք և որպես նորարարության աղբյուր: Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը պետք է միասին աշխատեն, ինչպես նավակի թիերը: Եթե թիերից միայն մեկն է գործի դրված, ապա նավակը կորցնում է ուղղությունը և չգիտես, թե ուր կգնա:

Նորագույն պատմության մեջ կառավարության ու քաղաքացիական հասարակության անհավասարակշռության բազմաթիվ օրինակներ կան` սկսած 20-րդ դարի ամբողջատիրական ռեժիմներից, որտեղ կառավարությունը գերիշխում էր հասարակության գործունեության բոլոր հարցերում, մինչև 21-րդ դարի ձախողված պետությունները, երբ արդյունավետ կառավարման բացակայության հետևանքով մրցակից խմբերը դեպի իրենց նպատակներն էին գնում բռնության ճանապարհով:

Այսօր առավել տարածված խնդիրը քաղաքացիական հասարակության օրինական գործունեության հանդեպ կառավարության կողմից խիստ սահմանափակումների կիրառումն է, և պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դրսևորվող հալածանքները:

Իսկ ի՞նչ նկատի ունենք, երբ խոսում ենք «քաղաքացիական հասարակության» մասին:

Հաճախ «քաղաքացիական հասարակություն» ու «հասարակական կամ ոչ-կառավարական կազմակերպություն» արտահայտությունները օգտագործվում են որպես հոմանիշներ: Կենսունակ ու կարողություններով օժտված ՀԿ-ները էական դերակատարում ունեն քաղաքացիական հասարակության մեջ:

Սակայն «քաղաքացիական հասարակությունը» իրապես բնութագրում է միջավայրը. քաղաքական միջավայրը, որը երաշխավորում է հարցերի շուրջ առանց հալածանքների վախի բանավիճելու բոլոր քաղաքացիների իրավունքը. տեղեկատվական միջավայրը, որտեղ քաղաքացիները կարող են լսել այն ձայները, որոնք համամիտ են իրենց հետ կամ վիճարկում են իրենց դիրքորոշումը:

Քաղաքացիական հասարակության մասնակիցներին մեկ եզակի նկարագիր չենք կարող տալ` մեծ խումբ, փոքր խումբ կամ անհատներ. ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, կրոնական կազմակերպություններ կամ տնտեսավարող սուբյեկտներ. ընդդիմադիր, իշխանամետ կամ չեզոք ուժեր: Նրանց կարող են մտահոգել հարցեր պետության կամ աշխարհի մասշտաբով, կամ կարող են այնպիսի համեստ հարցերով զբաղվել, ինչպիսին համայնքի ճանապարհների ասֆալտապատումն է: Սակայն բոլորի համար անհրաժեշտ է և բոլորն էլ արժանի են, որ ունենան խաղաղ կերպով իրենց նպատակներին հետամուտ լինելու ազատություն և պաշտպանված լինեն օրենքով:

Սա սկզբունքային հարց է: Սա նաև խելամիտ մոտեցում է: Որպես ամերիկացի ես այն հիմնարար համոզմունքին եմ, որ երկրներն ավելի ամուր ու ավելի ծաղկուն կդառնան, եթե հասարակությունները լինեն բաց, իսկ կառավարությունները՝ արձագանքող:

Եթե ինձ չեք հավատում, ասածս մի կողմ թողեք: Նայեք աշխարհին: Ո՞ր երկրներն են, որտեղ տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ եռուզեռ է և ո՞ր երկրներն են քայքայվում:

Ու ես կարող եմ փաստել, որ այդ տարբերությունը պայմանավորված է քաղաքացիական հասարակության ակտիվությամբ: Երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր տեղաշարժել: Երբեմն, կառավարությունները կուզենային, որ այդ սարերն հենց իրենց տեղերում էլ մնային, սակայն երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավարար օժանդակություն մղելու կառավարությանը դեպի հիմնարար փոփոխություններ, դա հստակ նշան է, որ եկել է սարը տեղաշարժելու ժամանակը:

Նմանօրինակ շարժման մի վառ օրինակ կարող եմ բերել իմ երկրից: Անիմաստ նախապաշարումների հետևանքով իմ սերնդակից միլիոնավոր ամերիկացիներ համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ: Այս խտրականությունը գալիս էր ոչ թե առանձին անհատների սխալներից, այլ այն ամրագրված էր օրենքներով. օրենքներ, որ դավաճանում էին ամերիկյան իդեալներին ու հակասում երկրի Սահմանադրությանը:

Նույնիսկ նման հստակ անարդարության պարագայում կառավարությունը որևէ քայլ չէր ձեռնարկում, քանի որ փոփոխությունը դեմ էր արմատացած քաղաքական ու տնտեսական շահերին: Փոփոխությունը հեշտ չէ և պարունակում է վտանգներ: Փոփոխությունների հետևանքով ձեռք են բերվում թշնամիներ:

Պահանջվեցին երկարատև, զանգվածային քայլեր ու խիզախություն քաղաքացիական հասարակության կողմից` Քաղաքացիական իրավունքների շարժում, որը ստիպեց ամերիկյան կառավարությանն անել այն, ինչ պետք է վաղուց արած լիներ: Ու թեպետ մենք այդ ուղևորությունը դեռ չենք ավարտել, սակայն երկար ուղի ենք անցել՝ ապահովելու, որ այսօր բոլոր ամերիկացիները վայելեն ազատությունն ու արդարությունը, որը ձեռք բերվեց Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի և նրա գաղափարախոսության հազարավոր հետևորդների ջանքերի գնով:

Թեպետ «քաղաքացիական հասարակություն» եզրույթը համեմատաբար վերջերս է շրջանառության մեջ դրվել, սակայն այդ գաղափարը նոր չէ և այն հայտնագործելու պատվին Միացյալ Նահանգները կամ Արևմուտքը հավակնել չեն կարող: Այն մարդկության պատմության նորմերից է, այն բանական էակների միավորման հիմնական ուղին է, այդ թվում և հայերի համար: Թե Միացյալ Նահանգները, թե ժամանակակից Հայաստանը ծնունդ են առել քաղաքացիական հասարակությունից:

19-րդ դարում հայերը երազում էին վերագտնել իրենց պետականությունը: Նրանք նույնպես գրում էին, խոսում, կազմակերպում, համախմբվում միություններում ու կուսակցություններում, բացում էին հայկական դպրոցներ, որպեսզի հայերենը, հայ գրականությունը, պատմությունը և մշակույթը կենդանի պահեն, մինչև ի վերջո հնարավորություն եղավ ձևավորել Առաջին հանրապետությունը: Եվ դրանից էլ առաջ, դարեր շարունակ, Հայաստանյայց եկեղեցին, որը քաղաքացիական հաստատության հնագույն հաստատությունն է Հայաստանում, իր շուրջ էր համախմբում ազգին, որը հաճախ գտնվում էր օտար տերությունների լծի ներքո:

Խորհրդային մոդելը, որի ներքո կառավարությունը իշխանական կուսակցության անունից վերահսկում էր կյանքի բոլոր կողմերը, շեղում էր Հայաստանի պատմության մեջ: Հիմա Հայաստանը հնարավորություն ունի կերտել կայուն, դիմացկուն և արդարացի ժողովրդավարություն, որտեղ կա ուժերի հավասարակշռություն` կառավարության ներսում ու կառավարությունից դուրս գտնվողների միջև:

Չնայած ավանդական լրատվամիջոցները դեռ կարևոր են, սակայն կառավարություններն այլևս չեն կարող կանխել այն գաղափարների տարածումը, որոնք իրենց դուր չեն գալիս, ուղղակի արգելելով դրանց հայտնվելը ԶԼՄ-ներում: Լրատվությունն այլևս միակողմանի հոսք չէ, և իշխանություն ունեցողները չեն որոշում, թե որ տեղեկությունը տարածել կամ որ գաղափարները վստահել մարդկանց: Այն կառավարությունները, որ փորձում են նորմավորել տեղեկատվությունը կամ խեղդել քննադատությունը միայն ու միայն վնաս են հասցնում իրենց լեգիտիմությանը և խարխլում են տնտեսությունը բարեփոխելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու, ազատ ընտրություններ անցկացնելու ու հարևանների հետ հարաբերությունները տնօրինելու իրենց հնարավորությունները:

Քննադատությունը ոչ մեկին էլ դուր չի գալիս: Որպես Միացյալ Նահանգների դեսպան` իմ փորձից կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանում դժգոհություններ բոլոր կողմերից էլ գալիս են` անկախ այն բանից, թե ես ինչ եմ անում: Քննադատության ենթարկվելը, այն էլ հրապարակավ, բոլորովին հաճելի չէ, սակայն ես հասկանում եմ, որ ինձ քննադատողներն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, ավելին, նրանց քննադատությունը անհրաժեշտ է, անկախ այն հանգամանքից, թե ես ինչ եմ զգում կամ մտածում դրա վերաբերյալ:

Ինչպես որոշ ժամանակ առաջ նկատեց նախագահ Սարգսյանը ` Հայաստանի առաջընթացը պահանջում է «ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում … և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ»:

Պարզ է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ, կամ այս գաղափարների պաշտպանության նպատակով քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը, այլ այն, որ այդ գաղափարները, նույնիսկ մեր ընդդիմադիրներից եկող քննադատությունը, պետք է ընդունել լրջորեն և հրապարակավ բանավիճել դրանց արժանիքների շուրջ: Քաղաքացիներն ինչքան շատ տեղեկատվություն ունենան, այնքան ավելի լավը կլինեն նրանց կայացրած որոշումները:

Ամբողջ աշխարհում էլ քաղաքական երկխոսության մեջ կա բևեռայնացման, քննադատությունը չափազանցնելու, ընդդիմադիրներին ոչ միայն որպես սխալ, այլ նաև կոռումպացված ու ոչ հայրենասեր ներկայացնելու միտում: Սակայն անկեղծ քաղաքական երկխոսությունը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ մենք բոլորս, և նույնիսկ նրանք, ովքեր համամիտ չեն մեզ հետ, առաջնորդվում են մեր երկրի հանդեպ տածած սիրով:

Մենք կարող ենք լինել ճիշտ կամ սխալ, սակայն միայն Հայաստանի ժողովուրդն է, որ իրավասու է եզրահանգում անել`բոլորի համար ազատ բանավեճի ու ազատ և արդարացի ընտրությունների միջոցով:

Ինչպես մեծ ամերիկացի գրող Մարկ Տվենն էր ասում. «հայրենասիրությունը այն է, երբ մշտապես պաշտպանում ես քո երկիրը, իսկ կառավարությանը պաշտպանում ես միայն այն դեպքում, երբ արժանի է դրան»:

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում ես ճանապարհորդել եմ ողջ Հայաստանով և երիտասարդները, որոնց ես հանդիպել եմ հայրենասեր են, նախաձեռնող և հնարամիտ: Նրանք երազում են, որ Հայաստանը բարեկեցիկ ապագա ունենա:

Իսկ ի՞նչ կլինի այդ երիտասարդների նախաձեռնողական երազանքների հետ, եթե դրանք բախվեն քաղաքական կապեր ունեցող բիզնեսների հետ անարդարացի մրցակցությանը կամ եթե վիճահարույց գաղափարների արտահայտումը հալածանքի վտանգ ստեղծի նրանց և նրանց ընտանիքների համար: Ի՞նչ կլինի, եթե անհատները չեն կարողանում կազմակերպել և լոբինգ իրականացնել կառավարության հանդեպ, կամ էլ եթե առաջնորդների ընտրությունները չեն թվում ազատ ու արդարացի: Ի՞նչ կլինի, եթե նրանք լրատվամիջոցներով չկարողանան լսել և ծանոթանալ բազմազան կարծիքների:

Քաղաքացիական հասարակությանն իրավասություններով օժտելը ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ու բարօրության առանցքն է, այլ նաև կենսական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար: Իսկ իրավասություններով օժտելու համար մի՞թե կա ավել լավ ժամանակ, քան հենց այս պահը:

Ժողովրդավարության խորացումը և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որոնց մասին խոսեց նախագահ Սարգսյանը, պահանջում են խորը և արմատական փոփոխություններ: Կպահանջվեն բարեփոխումներ Հայաստանի օրենքներում, հաստատություններում, և քաղաքական մշակույթում` մեծացնելու անձի ազատությունը, իրավունքները և պատասխանատվությունը:

Դրա համար կպահանջվի ՀԿ ոլորտի կարգավորման ու ՀԿ-ների պաշտպանության ասպարեզում միջազգային լավագույն փորձի կիրառում, բարեգործական ու կամավորական աշխատանքի խրախուսում, եկամուտներ ապահովող որոշակի տեսակի գործունեության թույլատրում ՀԿ-ներին` իրենց առաքելությունն իրականացնելու և կառավարության հետ աշխատելու ու գործակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձևավորելու նպատակով:

Դրա համար կպահանջվի օրենքի հետևողական ու հավասար կիրառում բոլորի նկատմամբ` լինի հարուստ ու հզոր, թե աղքատ ու անհայտ անձնավորություն: Դրա համար կպահանջվի, որ խաղաղ օրինական հանրահավաքները չցրվեն ու չլինեն ոտնձգություններ դրանց հանդեպ:

Դրա համար կպահանջվեն ԶԼՄ-ներին առնչվող կանոններ, որոնք հանրության համար լսելի ձայների ու գաղափարների շրջանակը ոչ թե կնեղացնեն, այլ առավել կընդլայնեն` օգտագործելով տեխնիկական առաջընթացի ընձեռած աննախադեպ հնարավորությունները ու որոնք կպաշտպանեն ԶԼՄ-ներին ցանկացած կողմից եկող քաղաքական ճնշումներից, որպեսզի եթերը արդարացիորեն հասանելի լինի տարբեր գաղափարների ու կարծիքների համար:

Դրա համար կպահանջվի, որ հանցագործները, որոնք հարձակումներ են գործում լրագրողների վրա, բռնվեն ու պատասխանատվություն կրեն:

Դրա համար կպահանջվի, որ կառավարությունը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը, քաղաքական կուսակցությունները ապահովեն հետագա ընտրությունների համապատասխանությունը ոչ միայն միջազգային ստանդարտներին, այլ նաև դրանց համապատասխանություն Հայաստանի ժողովրդի պահանջներին ու ակնկալիքներին:

Անհամաձայնություն հայտնելու ու քննադատելու ազատության հետ միասին կա նաև բեռ և պատասխանատվություն: Քաղաքացիական համաձայնագրի տարրերից մեկը, որը քաղաքացիական հասարակության միջուկն է կազմում, այն պարտավորություն է, որ պետք չէ սահմանափակվել կողքի քաշվելով ու բողոքելով:

Եթե որոշում եք իրացնել քննադատելու ձեր իրավունքը, ապա դուք նաև պարտավորություն եք ստանձնում, ձեր երկրի, ընտանիքի, երեխաների առաջ, որ կմտնեք խաղի մեջ ու մասնակից կդառնաք լուծում գտնելու գործընթացին, կլինեք կառավարության գործընկերը և կկերտեք ավելի լավ ապագա:

Եթե ՀԿ-ները, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ները իրավունք ունեն քննադատել, և դրանք պետք է այդ իրավունքն ունենան, ապա նրանք նաև պարտավոր են կառավարության հետ բարեխիղճ կերպով լուծումներ փնտրել, իսկ կառավարությունն էլ իր հերթին պետք է ապահովի որոշումների կայացման գործընթացի հրապարակայնությունը և խրախուսի հանրային բանավեճը:

Եվ մենք տեսնում են հաջողության օրինակներ այստեղ` Հայաստանում, երբ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը կառուցողականորեն վիճարկել են ու միմյանց հետ բանավիճել, և արդյունքում օրենքներն ու քաղաքականությունը դառնում են ավելի լավը:

Անցյալ տարվա մայիսին հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների կատարման հարցի շուրջ խորհրդարանական լսումները նպատակ ունեին ապահովել ՀԿ-ների ու հանրության ներդրումը գործընթացին: ՀԿ-ների կողմից ներկայացված մի շարք առաջարկների ու դիտողությունների արդյունքում նախագծում կատարվեցին մի շարք փոփոխություններ ու բարելավումներ, ու մենք ակնկալում ենք, որ Հայաստանն այս երկխոսության շնորհիվ կունենա ՀԿ-ների մասին ավելի լավ օրենք:

Ներկայումս աշխույժ բանավեճ է ընթանում առաջարկվող նոր հարկատեսակների` հյուրանոցային ու տրանսպորտային միջոցի կայանատեղի հարկերի շուրջ, որին մասնակցում են մասնագիտական ասոցիացիաները, խորհրդարանականները, տեղական ինքնակառավարման մարմինները, տուրիստական գործակալությունները, հյուրանոցները, փոքր ու միջին ձեռնարկությունները: Տուրիստական ընկերությունները մտավախություն ունեն, որ դա հայաստանյան տուրիզմի մրցունակությունը թուլացնող լրացուցիչ բեռ կլինի, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները ողջունում են դա` որպես համայնքային բյուջեի լրացուցիչ եկամուտ, որը կարող է օգտագործվել համայնքի բարեկեցության մեծացման նպատակով, որը կմեծացնի գրավչությունը տուրիզմի տեսանկյունից: Այս քննարկումը հնարավորություն տվեց Ազգային ժողովին լսել բոլոր կողմերին, որպեսզի ապահովվի հնարավորինս արդարացի օրենքի ընդունում:

Քաղաքացիական հասարակությունն ունի նաև մեկ այլ պարտականություն, դա է` կարգ ու կանոնի ապահովումը իր տան մեջ: Կոռուպցիան, հովանավորչությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ժողովրդավար կառավարումը սոսկ կառավարություններին վերաբերող գործոններ չեն: Քաղաքացիական հասարակությունն իրավասու է պետական կառույցներից ու պաշտոնյաներից պահանջել ամենաբարձր ստանդարտների ապահովում, բայց որպեսզի կարողանա վստահաբար խոսել այդ մասին քաղաքացիական հասարակությունը հենց ինքը պետք է օրինակ հանդիսանա, ի ցույց դնի այն անաչառությունը, որ ցանկանում է տեսնել երկրում, և պատրաստ լինի ընդունել քննադատությունը:

Ներկայումս մենք բոլորս ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ենք ունենում գաղափարների ներկայացման ու դրանց զարգացման գործընթացում: Եվ այսօր ժամանակակից քաղաքականության խնդիրը հանուն Հայաստանի ապագայի գաղափարների շուկայում մրցակցելն է:

Հուսով եմ, որ դուք կօգտագործեք ձեր տրամադրության տակ եղած բոլոր հին ու նոր գործիքները`սկսած սմարթֆոնից մինչև համայնքի հայտարարությունների ցուցատախտակը, որպեսզի մասնակից լինեք գործընթացին, բանավիճեք գաղափարների շուրջ, ներկայացնեք ձեր նկատառումները, կարծիքն ու կարիքները և բարեխղճորեն ու ազնվորեն ներգրավվեք քաղաքացիական հասարակության գործունեությանը և հանդես գաք որպես կառավարության գործընկեր:

Դուք չեք կարող ապրել ձեր ուզած երկրում, եթե չգործեք: Դուք կարող եք պարզ քայլեր ձեռնարկել, օրինակ` կազմակերպել և հարևանների հետ մաքրել մոտակա այգին կամ շենքի մուտքը, կամ ավելի ծանրակշիռ քայլեր, օրինակ` հանդես գալ ի պաշտպանություն ԶԼՄ-ների մասին առավել առաջադեմ օրենսդրության: Երկու դեպքում էլ, երկու արարքներով էլ կառուցվում է ավելի լավ Հայաստան:

Դուք սովորում եք երկրի լավագույն բուհերից մեկում և մի օր համալրելու եք Հայաստանի առաջնորդների շարքերը: Ապագան ձեր ձեռքերում է գտնվում:

Ուզում եմ ելույթս ավարտել նախագահ Օբամայի խոսքերով: 2009թ. հունիսին Կահիրեի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «... Խոսքս ուղղում եմ բոլոր երկրների, բոլոր հավատքի տեր երիտասարդներին. դուք առավել քան որևէ մեկը ունեք աշխարհի մասին պատկերացումները վերանայելու, վերափոխելու կարողություն: Մենք բոլորս ժամանակի մի կարճ հատված ապրում ենք այս աշխարհում: Հարցն այն է, թե այդ ժամանակահատվածում ինչն է մեր ուշադրության կենտրոնում. այն հարցերը, որ մեզ հեռացնում են իրարից, թե մեր պարտավորությունը, որ տևականորեն աշխատենք գտնելու ընդհանուր եզրեր ու կերտելու այնպիսի ապագա, որում կուզենայինք ապրեին մեր երեխաները և որում կհարգվեր բոլոր մարդկային էակների արժանապատվությունը»:

Այս նոտայով էլ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ուշադրության համար և պատրաստ եմ լսել Ձեր հարցերը: Շնորհակալություն:

Բաժին: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Դիտարկում: 1958 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՐՏ 2011  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz