ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ
Խավարումը աստղագիտական երևույթ է, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճատով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասնակի որոշ ժամանակ չեն երևում:
Արեգակի խավարում
Նորալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Լուսինն ու Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասնակի չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է: Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2-3, որոշ դեպքերում մինչև 8 րոպե, իսկ մասնակի խավարումը` 2-3 ժամ:
Երբ խավարումի ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը. որն էլ կոչվում է Օղակաձև խավարում:
Լուսնի խավարում
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում: Լուսնի լրիվ խավարումը տևում է մինչև 1 ժ 45 ր, իսկ մասնակին` մի քանի ժամ:
Խավարումներին են վերաբերում նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների /Մերկուրիի, Վեներայի/ անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները: Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արգակի ճառագայթների մի մասը` հիմնականում կարճալիքային, կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը: Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ: Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը 4 խավարում: Լուսնի խավարում այդ տարի կարող է ընհանրապես չլինել: Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում: Խավարումի կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման /սինոդական ամիս/, ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումներ միջև ընկած ժամանակամիջոցից /դրակոնյան ամիս/: Խավարումների կրկնման պարբերության ընթացքում` 6585,32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս: Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և կոչվել է սարոս: Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը` Արեգակի, իսկ 29-ը` Լուսնի: Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300-400 տարին մեկ:
|