Երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն
կարող է սարեր շուռ տալ: Այդ մասին, երեկ, «Քաղաքացիական հասարակության
ինդեքս. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Մարի Յովանովիչը: «Երբեմն կառավարությունները նմանվում են այդ սարերին: Երբ
հասարակական կազմակերպությունները թե՛ հասարակությունում, թե՛
կառավարությունում արմատական փոփոխությունների հարցում վայելում են
մարդկանց աջակցությունը, սա գրեթե միշտ նշանակում է, որ սարի համար եկել է
տեղաշարժվելու ժամանակը»,- հայտարարել է դեսպան Յովանովիչը եւ հղում
կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած
ելույթին, թե՝ Հայաստանը հասարակական վերահսկողության կարիք է զգում,
շեշտել է, որ պետք է գիտակցել՝ կառավարության քննադատությունը
հավատարմության կամ հայրենասիրության պակաս չի նշանակում: «Այսինքն՝ ասել
կառավարությանը, իշխանությանը այն, ինչ նա ուզում է լսել, նշանակում է արջի
ծառայություն մատուցել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Յովանովիչը:
|