Եգիպտացիները կրկին լցվել են Կահիրեի Թահրիր հրապարակըՀոսնի Մուբարաքի հրաժարականից հետո հազարավոր եգիպտացիներ ուրբաթ օրը
կրկին լցվեցին Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակը: Այս մասին
հաղորդում է РИА Новости-ին: Առայժմ ցույցը խաղաղ է ընթանում, ցուցարարներն
ու զինվորականները միմյանց նկատմամբ բարեկամաբար են տրամադրված:
Անցած շաբաթվա ընթացքում երիտասարդական «Հունվարի 25 միավորում»
շարժումը կոչ էր անում համակիրներին նորից փողոց դուրս գալ` նշելու նախկին
վարչակարգի փլուզումը, ինչպես նաև հարգելու ժողովրդական հուզումների
ժամանակ զոհվածների հիշատակը: Բացի այդ, ցուցարարները կոչ են անում
իրականացնել հեղափոխության պահանջները, որոնք դեռևս չեն կատարվել:
«Ապրիլի 6-ի երիտասարդների» հայտարարության մեջ ասվում է, որ
«հեղափոխությունը դեռ չի ավարտվել, այն կավարտվի այն ժամանակ, երբ
կկատարվեն բոլոր պահանջները, և կսկսվի կայուն ժողովրդավարական համակարգի
կառուցումը»: Չկատարված պահանջների թվում է կոռումպացված պաշտոնյաներին
դատական հետապնդման ենթարկելը, որոնք, նրանց կարծիքով, մնում են իրենց
պաշտոններում, ինչպես նաև արտակարգ դրության վերացումը: Բացի այդ,
ցուցարարները կոչ են անում ազատել նրանց, ովքեր ձերբակալվել են
անկարգությունների ժամանակ և մինչև հիմա անազատության մեջ են:
Ցույցերին մասնակցելու մասին հայտարարել են «Մուսուլման եղբայրները»,
որոնք արգելված էին Մուբարաքի կառավարման ժամանակ: Ներկայումս շարժումն
ակտիվորեն մասնակցում է երկրի ապագայի շուրջ քննարկումներին, մասնավորապես`
կապված սահմանադրության բարեփոխման հարցերի հետ:
|