Ինչպես եւ խոստացել էին, այսօր եւս վրացական համարանիշերով մեքենատերերը
բողոքի ակցիայով շրջեցին Գյումրիում, այնուհետեւ 50 մեքենայից բաղկացած
շարասյունն ուղեւորվեց Արթիկ: Արթիկցի պատգամավորներ Մխիթար Վարագյանի եւ
Արծրուն Աղաջանյանի հետ հանդիպել չհաջողվեց: Ակցիայի մասնակիցներն իշխանություններին հղված բողոք-դիմումի մեկ օրինակ
հանձնեցին Արթիկի քաղաքապետարան, որպեսզի այն հանձնվի քաղաքապետի եղբորը`
Մխիթար Վարագյանին, իսկ Արծրուն Աղաջանյանին հասցեագրված դիմումը վերջինիս
պատկանող գրասենյակի փակ դռան արանքից ուղղակի ներս խցկեցին: Այն պահին, երբ վարորդները. հավաքված Արթիկի քաղաքապետարանի դիմաց, սպասում
էին իրենց պատվիրակների վերադարձին, պատգամավոր Մխիթար Վարագյանը
մեքենայով հայտնվեց հրապարակում, սակայն, կանգնելու եւ հետաքրքրվելու
փոխարեն, գերադասեց հեռանալ:
Այն, որ 5 օր է Գյումրիում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, իսկ տեղի
պատգամավորներն այդպես էլ ոչ մի կերպ չեն ուզում արձագանքել, վրդովվեցրել
էր վարորդներին:
Տպավորություն էր ստեղծվել, որ օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող
պարոնայք ոչ հեռուստատեսություն են նայում, ոչ ինտերնետից գաղափար ունեն,
ոչ էլ իրենց հայրենի մարզի անցուդարձից են տեղյակ: Այդ պատճառով էլ բողոքի
մասնակիցները որոշել էին անձամբ նրանց տանել տպագիր բողոք-դիմումի
օրինակները:
Մեկ օրինակ էլ այսօր Գյումրիում հանձնվեց պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
«Մարդ են, կարող է էնքան զբաղված են, որ չիդեն ուրդից նորությունները
իմանան,-նկատեց վարորդներից մեկը,-տանինք, գոնե կարդան, ամոթ է, հետո
չըսեն, թե խաբար չէրիք»:
|