Այսօր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թեմատիկ զեկույց
է հրապարակել` ներկայումս լրատվամիջոցների ազատության ամենամեծ
սպառնալիքի` կազմակերպված հանցավորության վերաբերյալ:
Ամբողջ աշխարհում 2000-ից 2010 թթ. 141 լրագրող է սպանվել այն պատճառով,
որ համարձակվել է բարձրաձայնել այն ազդեցության մասին, որն ունեն քրեական
ավազակախմբերն ու նրանց տնտեսությունները: Այս առումով
ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան և Ֆիլիպինները: Մեքսիկայում 2000թ.-ից
ի վեր քրեական խմբերի զոհ է դարձել ու սպանվել 69 լրագրող: Եվս 11 լրագրող
անհետ կորել է 2003 թ.-ից ի վեր: Ֆիլիպիններում 1986 թ. բռնապետ ֆերդինանտ
Մարկոսի տապալումից հետո կազմակերպված հանցավորությունն ուղղակի կամ
անուղղակի դեր է ունեցել լրատվամիջոցների սպանված 142 աշխատակցից շատերի
սպանության մեջ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր լրատվամիջոցների
հիմնական գիշատիչներն են եղել մաֆիան, թմրամիջոցների առքուվաճառքով
զբաղվող խմբերը, զինված խմբավորումները: Մաֆիոզ խմբավորումները լրագրողների
համար ավելի մեծ սպառնալիք եք, քան աշխարհի բռնատիրական ռեժիմները: Ընդ
որում, չկա որևէ աշխարհամաս, որում առկա չլինի այս վտանգը: Ֆինանսական
ցանցերը, փողերի լվացումը, իրավական գործերը, հարկային վարչարարությունը
ստեղծում են մի անտեսանելի, բայց ամենուրեք առկա զուգահեռ իրականություն,
որը չի վերանա որևէ հանցավոր պարագլխի ձերբակալությամբ: Կազմակերպված
հանցավորությունը ոչ միայն սպառնալիք է լրագրողների ֆիզիկական
անվտանգության համար, այլև չափազանց մեծ խոչընդոտ է լրատվամիջոցի
հետաքննական աշխատանքի համար: Զեկույցից պարզ է դառնում, որ
լրատվամիջոցները միավորված չեն` ընդդեմ կազմակերպված հանցավորության,
թղթակիցները մեկուսացված են ու ռեսուրսների պակաս ունեն, և քանի որ նրանք
մրցավազքի մեջ են` հրատապ և սենսացիոն լուրեր հաղորդելու հարցում, ժամանակ
չեն ունենում խորը հետաքննական նյութեր պատրաստելու համար:
|