a1plus.am
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը փետրվարի 24-ին համաձայնագիր են
ստորագրել 2011-2015թթ. սոցիալ - տնտեսական համագործակցության մասին։
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է քաղաքամերձ և քաղաքային
երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային
հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի և մետրոյի, քաղաքային
ուղևորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախատեսվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բազայի հիման վրա
կազմակերպել Երևանի մետրոպոլիտենի և քաղաքային էեկտրատրանսպորտի շարժակազմի
վերականգնման և վերականգնողական աշխատանքները։
Բացի այդ, նախատեսվում է 25%-ից մինչև 50% զեղչեր սահմանել երկրի
ներսում գնացքով երթևեկող ուսանողների համար:
Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -
ն տեխնիկա-տնտեսական հաշվարկներ կներկայացնի «Մանկական երկաթուղու»
ընդլայնման ( նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։
Համագործակցության շրջանակում կողմերը կուսումնասիրեն «Ալմաստ»
գործարանի շրջակայքում Երևան -Հրազդան - Երևան ուղղությամբ երթևեկող
էլեկտրագնացքի համար ուղևորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունը:
|