Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները «Ժառանգության» հետ
համատեղ այսօր Վանաձորում անցկացրին բողոքի հանրահավաք` ի հեճուկս
ոստիկանության հարուցած խոչընդոտների: Առավոտյան ոստիկանության
տարածաշրջանային վարչության աշխատակիցները Ջաջուռ գյուղի մոտ ապօրինի
խոչընդոտներ էին հարուցել` մի քանի տասնյակ
մեքենայի բողոքի ավտոերթի առջև փակելով Գյումրի-Վանաձոր ճանապարհը:
Խոչընդոտներ էին ստեղծել նաև Տաշիրից և Ստեփանավանից Վանաձոր ուղևորված
մեքենաների համար: Այդուհանդերձ, բողոքի հանրահավաքը կայացավ: Լոռու
մարզպետարանի առջև` Վանաձորի կենտրոնական հրապարակում, մի-քանի հարյուր
քաղաքացի մասնակցեց հավաքին: Ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության
պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը
և «Ժառանգության» Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը:
Կուսակցությանը տեղեկություններ են հասնում այն մասին, որ հանրահավաքը
«հսկում են» բազմաթիվ ոստիկաններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում
գնդապետներն ու փոխգնդապետները: Հիշեցնենք, որ ոստիկանության այս
հակաօրինական և հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ պատգամավոր
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր ՄԻՊ գրասենյակին, ապա «Ժառանգությունը»
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից պաշտոնապես պահանջել էր անհապաղ միջոցներ
ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու և
պատասխանատվության կանչելու համար: Ինչպես հայտնում են
պատգամավորները, մինչև ժ. 17:30 ոստիկանները շարունակում էին արգելափակած
պահել Գյումրի-Վանաձոր ճանապարհը Ջաջուռի հատվածում: Սակայն պատգամավորների
և ոստիկանների միջև բանակցությունների արդյունքում ոստիկաններն ի վերջո
բացել են ճանապարհը և ներկա պահին ուղեկցում են Գյումրիից Վանաձոր
ուղևորվող մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյանը, որի նպատակը
վանաձորցի բախտակիցներին զորակցության հայտնելն է: Այս մասին
հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
|