Հաղորդում է A1+-ը
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Սա քիչ առաջ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Պատճառների մասին ոչինչ չի նշվում: Դիմումը պետք է քննարկվի ավագանու
նիստում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախագահականում հաստատել էին լուրերը, որ
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի
աշխատակից Արամ Կանդայանի միջև խնդիրներ են ծագել։
«Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե, մեր մամուլը դեպքերի իր
նկարագրության մեջ դրանք չափազանցրել է։ Մասնավորապես, չի եղել ոչ
առևանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել
է»,- ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը։
«ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ
արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի:
Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»,- ավելացրել է նա:
Միջադեպը տեղի է ունեցել աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի
համերգից հետո: Համերգի ժամանակ Արամ Կանդայանն առաջարկել է Բեգլարյանի
տիկնոջն ու նրա ընկերուհուն նստել ոչ թե հրավիրատոմսում նշված, այլ` ուրիշ
տեղում:
Ըստ մամուլի հրապարակումների`սա էլ դարձել է միջադեպի առիթը:
Հրաժարականի հաստատման դեպքում` մեկ ամսվա ընթացքում` մինչեւ հունվարի
8-ը, Երեւանի ավագանին պետք է ընտրի նոր քաղաքապետ:
|